Ռուս զբոսաշրջիկներին այլևս մեկ տարուց ավելի ժամկետով Շենգենյան վիզաներ չեն տրամադրում
Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև դյուրացված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի չեղարկումից հետո եվրոպական երկրների հյուպատոսությունները դադարեցրել են ռուսաստանցիներին ավելի քան մեկ տարի ժամկետով Շենգենյան վիզաների տրամադրումը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով տուրօպերատորների տեղեկատվությունը։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Վիզաների հետ կապված գործընթացը լրջորեն խստացվել է թե՛ ժամկետների, թե՛ պահանջվող փաստաթղթերի առումով: Բայց ամենատհաճը տրվող վիզաների կարճ ժամկետն է: Եթե ավելի վաղ ռուսաստանցիները երկու, երեք և հաճախ հինգ տարով վիզաներ էին ստանում, ապա այժմ բազմակի մուտքի վիզաներ կարող են ձևակերպել առավելագույնը վեց ամսով կամ մեկ տարի ժամկետով: Վիզաների հետ կապված ոչ հարուստ պատմություն ունեցողներին կտրվի միայն միանգամյա վիզա՝ ուղևորության տևողությամբ»,- նշում են տուրօպերատորները։
Միևնույն ժամանակ, ըստ տուրիստական ընկերությունների, վիզաների գործողության ժամկետները, ինչպես եղել Է ավելի վաղ, կախված չեն դիմողի «վիզային պատմությունից»։ «Մարդը կարող է մի քանի երկարաժամկետ վիզա ունենալ իր անձնագրում և լավ վիզային պատմություն: Բայց նրան նոր վիզա կտրվի ընդամենը վեց ամսով:
Մյուսները կարող են նախկինում երկու «կարճ» վիզա ունենալ, բայց, ի վերջո, նրանք կստանան բազմակի մուտքի վիզաներ՝ մեկ տարով: Զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ չնայած եվրոպական երկրներ հաճախակի այցելություններին՝ նրանք կարող են վիզա ստանալ ավելի կարճ ժամկետով, քան պահանջում են»,- նշում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են տուրօպերատորները, վիզա ստանալն իրատեսական է, եթե ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու քաղվածքները: Զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն շրջագայության հավաստագիր, հյուրանոցի և երկկողմ ավիատոմսերի ամրագրում, աշխատանքի վայրից տեղեկանք, բանկային քաղվածք և այլ փաստաթղթեր:
«Ըստ տուրիստական ընկերությունների՝ Մոսկվայում Շենգենյան վիզա ստանալու համար կպահանջվի միջին հաշվով 2,5-3 շաբաթ: Առաջվա պես ռուսաստանցիներից փաստաթղթեր են ընդունում Շենգենյան վիզայով այնպիսի երկրներ տուրիստական ուղևորությունների համար, ինչպիսիք են Ավստրիան, Հունաստանը, Խորվաթիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովենիան, Շվեյցարիան:
Ավելի հավանական է, որ երկարաժամկետ վիզաներ ձեռք բերվեն Ֆրանսիայի և Իտալիայի հյուպատոսարաններում: Ավստրիան, Հունգարիան և Սլովենիան սովորաբար տալիս են միանգամյա վիզաներ: Հունաստանի հյուպատոսությունը տալիս Է կարճաժամկետ և միանգամյա մուտքի վիզաներ», - նշում են ասոցիացիայում: