Ալաշկերտը նոր պաշտպան ունի
«Ալաշկերտի» կազմը համալրել է վենեսուելացի պաշտպան Դանիել Կարիլյոն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27-ամյա ձախ պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Վենեսուելայի Պրիմերան ներկայացնող «Դեպորտիվո Լարա» ակումբում, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 133 հանդիպում:
2021-ից փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Ֆինլանդիայի առաջատար ակումբներից «ԿուՊՍ», որի կազմում դարձել է Ֆինլանդիայի կրկնակի գավաթակիր։
Դանիել Կարիլյոն ներկայացրել է Վենեսուելայի երիտասարդական հավաքականը, իսկ 2021-ին 2 խաղ է անցկացրել Ազգային թիմում՝ մասնակցելով Արգենտինայի և Էկվադորի հետ հանդիպումներին։
«Ունեի առաջարկներ եվրոպական առաջնություններից, սակայն մի քանի գործոնների համադրությամբ ընտրեցի «Ալաշկերտը»: Ակումբը և մարզիչը պատվախնդիր նպատակներ ունեն, ինչը հոգեհարազատ է ինձ: Անհամբերությամբ սպասում եմ թիմին միանալուն»,- պայմանագրի ստորագրումից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Կարիլյոն: