Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը սկսել է մարզումները
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը տարվա ուսումնամարզական առաջին մարզումն է սկսեց Աբովյանի համալիրում, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Տղամարդկանց թիմի նման, կանայք նույնպես պարապմունքները կավարտեն հունվարի 29-ին:
Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ասել է, որ հավաքի է հրավիրել տարիքային երեք խմբերի 15 ներկայացուցիչների: Ընտրությունը պատահական չէ: Պատանեկան հասակի աղջիկները (նաև տղաները) պետք է նախապատրաստվեն և լավ մարզավիճակով ներկայանան մարտի 23 –ին Ալբանիայում սկսվող աշխարհի առաջնությանը:
Արտաշես Ներսիսյանն իր օգնականներ, երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանի, մասնագետ Տարոն Թովմասյանի հետ անհատական մոտեցումներ են դրսևորում յուրաքանչյուր մարզուհու նկատմամբ: Նրանցից ամեն մեկն ունի տեխնիկական և ֆիզիկական առաձնահատկություններ: Պետք է զարգացնել ֆիզիկական ունակությունները, տեխնիկատակտիկական հմտությունները և օժտել կամային որակներով:
Գոհացնում է նաև մերսող բժիշկ Ռոզա Հովհաննիսյանի հոգատար ու նվիրական աշխատանքը: Նա ուշադրությամբ հետևում է մարզումների ընթացքին և համապատասխան օգնություն ցուցաբերում :
Ուսումնամարզական հավաքները շարունակական կլինեն: Ընթացքում տեղի կունենան նաև փորձամրցումներ: Կանանց ընտրանու համար գլխավորը հաջող մասնակցությունն է ապրիլին Հայաստանի մայրաքաղաքում ՝ Եվրոպայի և սեպտեմբերին ՝ Սաուդյան Արաբիայում կայանալիք աշխարհի առաջնություններում: