Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թեհրանը պատասխանատվության կենթարկվի Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող անձի մահապատժի համար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին նախազգուշացրել է Իրանի կառավարությանը, որ երկրի իշխանությունները «պատասխանատվության կենթարկվեն» Իրանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալիռեզա Աքբարիի մահապատժի համար, ով Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն ուներ: Քլևերլին նրա մահապատիժը բնութագրել է որպես «վախկոտ և ամոթալի արարք»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը:
Բրիտանիայի արտգործնախարարի նախազգուշացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է իրանական բանակի ամենահզոր թևը համարվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը:
ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու մասին քննարկումները սկսվել են նախքան Աքբարիի մահապատիժը. վերջինիս կախաղան են բարձրացրել բրիտանական անվտանգության ծառայության՝ MI6-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:
ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու հարցով ուսումնասիրությունը մեկնարկել է Ներքին գործերի նախարարության կողմից, սակայն, ըստ պարբերականի աղբյուրի, վերջնական որոշում առայժմ չի կայացվել, քանի որ կառավարությունում բանավեճեր են ընթանում հետագա քայլերի շուրջ: Հրատարակությունը նշում է, որ մեկ այլ պետության զինված ուժերը մյուս պետության կողմից ահաբեկչական ճանաչելը բավական անսովոր քայլ է, հետևաբար, Մեծ Բրիտանիան պետք է ծանրութեթև անի նման գործողսւթյան վտանգներն ու առավելությունները: Ըստ պաշտոնյաների՝ մտավախություն կա, որ եթե Բրիտանիան նման քայլի դիմի, ապա Թեհրանը կարող է «վրեժ լուծել Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացիություն ունեցող անձանց»: Բացի այդ, կսրվեն Լոնդոնի և Թեհրանի միջև հարաբերությունները, ինչը կբարդացնի 2015 թ.-ին Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագիրը վերականգնելու դիվանագիտական ջանքերը:
ԻՀՊԿ-ն ստեղծվել է 1979 թ.-ի Իսլամական հեղափոխությունից հետո, որը բանակին զուգահեռ գործում է՝ պաշտպանելու Իրանը ներքին և արտաքին սպառնալիքներից: 2019 թ.-ի ապրիլին՝ միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալուց մեկ տարի անց, ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: