Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 6. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը։ Ըստ Աղաջանյանի՝ արցախցիների անվտանգության երաշխավորը, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, միայն ռուս խաղաղապահներն են։ Նույն հարցազրույցում Աղաջանյանը կարծիք էր հայտնել նաեւ, որ առկա միակ ռեսուրսը արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցով միջազգային հանրության կողմից ճնշումներն են։
ՀՀ-ն, ըստ Աղաջանյանի, չունի որեւէ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ռեսուրս դրանց ապահովման համար։ «ՀՀ-ն որեւէ պրակտիկ, գործնական վերահսկողություն Արցախի նկատմամբ չունի նոյմեբերի 9-ից ի վեր։ Կրկնում եմ՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նույնիսկ»,- հավելել է նա։ Էդուարդ Աղաջանյանը նշում է, որ վերոնշյալ իրավիճակը ծագել է 2020-ի նոյեմբերից։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են պատերազմից հետո իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանն ու ներկայացրած նախընտրական ու կառավարության ծրագրերին։
Մասնավորապես, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ ներկայացված նախընտրական ծրագրում՝ Արցախի հիմնախնդրի մասին բաժնում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»։
Իսկ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում ասվում է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Այսինքն՝ ե՛ւ իշխող կուսակցության, ե՛ւ 2021-ին ընդունված կառավարության ծրագրերում կրկնվում է նախադասությունը, որ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի «անվտանգության երաշխավորը», սակայն թե՛ Էդուարդ Աղաջանյանը, թե՛ այլ ՔՊ-ականներ շարունակաբար հայտարարում են, որ արդեն ռուսական խաղաղապահն է պատասխանատուն»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։