Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:
Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս առումով կարևորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության Ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը։
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։