Շակիրան մեկնաբանել է իր աղմկահարույց հիթը
Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան մեկնաբանել է իր նոր, մեծ աղմուկ հանած 53 երգը, որում, ըստ ենթադրությունների, աստղը քննադատում է նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիս Ժերար Պիկերին և նրա այժմյան ընկերուհուն:
«Tert.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, թողարկումից հետո երգն անմիջապես հայտնվել է Spotify-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում և դարձել հարթակի պատմության մեջ մեկ օրվա ընթացքում ամենաշատ սթրիմներ ունեցող լատինական երգը:
45-ամյա Շակիրան այս նվաճման կապակցությամբ ինստագրամյան էջում գրել է, որ երգը «այն կանանց համար է, որոնք ոտքի են ելնում նրանց դեմ, ովքեր ստիպում են նրանց անկարևոր զգալ»:
«Ես ուզում եմ գրկել միլիոնավոր կանանց, որոնք ընդվզում են նրանց դեմ, ովքեր ստիպում են մեզ անկարևոր զգալ։ Կանայք, որոնք պաշտպանում են այն, ինչ զգում և մտածում են, և ձեռք են բարձրացնում, երբ համաձայն չեն, նրանք իմ ոգեշնչումն են», - գրել է Շակիրան:
Թեև երգում Պիկեի անունը չի նշվում, սոցցանցերի օգտատերերը վստահ են, որ խոսքը հենց նրա մասին է։ Երգը սկսվում է հետևյալ բառերով. «Կներես, ես արդեն այլ ինքնաթիռ եմ նստել։ Ես այստեղ չեմ վերադառնա, մեկ այլ հիասթափություն չեմ ուզում»։
Նաև երգում Շակիրան նշում է, որ ինքն արժե «երկու 22 տարեկան» և ավելացնում, որ արդեն «գերազանցել է» իր նախկին սիրեցյալին.«Ահա թե ինչու դու քո նման աղջկա հետ ես»: Նշենք, որ ներկայում Պիկեն 23-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում:
«Դու կարծում էիր, որ ինձ ցավեցնելու ես, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր: Դու այնքան ջանք ես գործադրում չեմպիոն երևալու համար, բայց երբ ես քո կարիքն ունեի, դու ցույց տվեցիր քո վատագույն կողմը: Ինձ նման գայլը քո նմանների համար չէ», - ասվումէ երգի տեքստում։
Երկրորդ տան վերջում Շակիրան նախկինին մաղթում է «ամենայն բարիք իր ենթադրյալ փոխարինողի հետ» և պնդում, որ Պիկեն «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։
«Բարսելոնա»-ի նախկին պաշտպանն արդեն հասցրել է արձագանքել վերջին տողին. նա իսպանական Kings League-ի ուղիղ եթերին եկել է Casio ժամացույցով և հայտարարել, որ շահավետ հովանավորչական պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ։
«Այս ժամացույցը կծառայի ողջ կյանքի ընթացքում», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Շակիրան և Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո հունիսին հայտարարել են իրենց բաժանման մասին. նրանք ունեն երկու որդի՝ ինը տարեկան Միլանը և 7 տարեկան Սաշան: