Նեպալում ինքնաթիռի վթարից հետո սուգ է հայտարարվել. փրկարարները ողջ մնացածների գտնելու հույս չունեն
Նեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:
Yeti Airlines ավիաընկերության ATR -72 ինքնաթիռը Կատմանդուի օդանավակայանից դուրս էր եկել հունվարի 15-ի առավոտյան ժամը 10:33-ին և վայրէջքից րոպեներ առաջ վթարի էր ենթարկվել Պոկհարայի հին և նոր օդանավակայանների միջև: Ինքնաթիռն ընկել էր կիրճը և ջախջախվել, որից հետո հրդեհ էր բռնկվել: Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: 68 մարդու մարմին հաջողվել է գտնել, մյուս 4-ի որոնումները դեռ շարունակվում են: Ըստ ոստիկանության՝ որևէ մեկին ողջ գտնելու հույսեր չկան:
Ինքնաթիռում եղել են նաև 15 օտարերկրյա քաղաքացիներ Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից և Իռլանդիայից:
Հնդկական Zeenews պարբերականն իր հերթին հաղորդում է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը, որը մեծ դեր կխաղա ավիավթարի հետաքննության հարցում:
Սա վերջին 30 տարվա ընթացքում Նեպալում տեղի ունեցած ամենախոշոր ավիավթարն է: 1992 թ.-ին Նեպալում վթարի էր ենթարկվել Պակիստանի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը, որում գտնվող 167 մարդիկ մահացել էին:
The Guardian-ը հիշեցնում է, որ 2000 թ.-ից ի վեր ինքնաթիռի կամ ուղղաթիռի վթարների պատճառով Նեպալում շուրջ 350 մարդ է մահացել: