ԱՄՆ Կոնգրեսը դեմ է Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքին
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ պատրաստվում է արգելափակել Սպիտակ տան ջանքերը՝ Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռներ վաճառելու ուղղությամբ, հայտնում է Fox News-ը։ Նրա խոսքով՝ ինքը կտրականապես դեմ է նման պայմանավորվածություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով։
«Ես կտրականապես դեմ եմ [նախագահ Ջո] Բայդենի առաջարկած նոր F-16-ների վաճառքին Թուրքիային։ Նախագահ Էրդողանը շարունակում է խարխլել միջազգային իրավունքը, արհամարհել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը և իրեն անհարգալից և ապակայունացնող ձևով պահել Թուրքիայում և ՆԱՏՕ-ի հարևան դաշնակիցների նկատմամբ»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մենենդեսը։
Ինչպես նշել է սենատորը, ինքը պատրաստվում է արգելափակել գործարքը այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի փոխել իր քաղաքականությունը։ Նա նաեւ հավելել է, որ դա առաջին հերթին վերաբերում է դաշնակիցների դեմ սպառնալիքների դադարեցմանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին առաջարկ է ուղարկել Թուրքիային F-16-ը վաճառելու վերաբերյալ։