Ֆիլիպիններում ջրհեղեղն առնվազն 20 մարդու կյանք է խլել
Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, մեկը անհետ կորել է։ Ինչպես նշվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի շաբաթ օրը հրապարակված զեկույցում, անբարենպաստ եղանակային պայմաններից տուժել են հանրապետության 13 մարզերում ավելի քան 552,1 հազ. մարդ:
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ գործակալության տվյալներով՝ 80 հազար տեղահանվածներ գտնվում են 127 տարհանման կենտրոնում։ Առնվազն 9,2 հազար մարդ նախապես լքել է տները, ութ քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հանրապետության 12 մարզերում արձանագրվել է աղետի հետ կապված 905 դեպք, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Տարերքները վնասել են 1,13 հազար տուն՝ 2,4 միլիոն պեսոյի (43,6 հազար դոլար) չափով։ 151 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 171,2 մլն պեսո (3,11 մլն դոլար), գյուղատնտեսությանը` 283,3 մլն պեսո (5,15 մլն դոլար): Ջրհեղեղը վնասել է 171 ճանապարհ և 44 կամուրջ, տուժել է 24 ծովային նավահանգիստ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել 42 քաղաքներում, սակայն 28-ում այն արդեն վերականգնվել է, յոթ համայնքներում ջրամատակարարման խնդիր կա, իննում՝ կապի։
486 քաղաքներում և 113 մունիցիպալիտետներում դադարեցվել են դասերը ուսումնական հաստատություններում և աշխատանքները ձեռնարկություններում։ Արտակարգ դրություն է մտցվել 30 բնակավայրերում։ Կառավարությունն արդեն 32,3 մլն պեսո (589,2 հազար դոլար) է հատկացրել օգնության համար։