Շիրակի մարզպետը կգա գործադիր. նրա պաշտոնին հավակնորդներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Մեզ հայտնի դարձավ, որ թեեւ Շիրաի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»:
Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաեւ «նախկինների» հետ ունի: Մեզ տեղեկացրին, որ, օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները:
Բանն այն է, որ Մանուկյանը Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաեւ Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգեւատրվել:
Շիրակյան մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն է, որը երես է թեքել ՀՀԿ-ից»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: