Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ- PKK), Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ- PYD) և «Ժողովի ինքնապաշտպանական» ջոկատների (YPG- ԺԻՋ) աջակիցների կողմից երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված «ահաբեկչական քարոզչության» և նախագահ Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել։
Դեսպանին ասվել է, որ տվյալ քայլը ՆԱՏՕ անդամակցության համար ստորագրված եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) կոպիտ խախտում է, և նման գործողություններ չպետք է թույլ տրվեն։
Մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են տարբեր տեսահոլովակներ, որոնք, ինչպես գրում է թուրքական մամուլը, «սպառնալիքներ են պարունակել» Էրդողանի հասցեին։