Warner Bros Discovery-ն կարող է վաճառել իր երաժշտական գրադարանը` պարտքերը մարելու համար
Warner Brothers Discovery մեդիակոնգլոմերատը քննարկում է իր երաժշտական գրադարանը վաճառելու հնարավորությունը՝ 50 միլիարդ դոլարի հասնող պարտքը մարելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների: Նրանց տվյալներով՝ երաժշտական գրադարանի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։ Երաժշտական կատալոգի վաճառքի գործընթացը գտնվում Է սկզբնական փուլում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2004 թ.-ին Time Warner ընկերությունը վաճառել է երաժշտական ստորաբաժանումը, որն ստեղծվել Էր 1950-ականներին։
Ընդ որում, Warner Brothers կինոստուդիայի մայր ընկերությունը պահպանել է բազմաթիվ ստեղծագործությունների, այդ թվում՝ Բեթմենի մասին կինոֆիլմերի սաունդթրեքների նկատմամբ հեղինակային իրավունքները:
Ըստ լրատվամիջոցի՝ այն բանից հետո, երբ անցյալ տարի միաձուլվեցին Discovery ալիքը և Warner Brothers-ը, որի մեջ մտնում են HBO և CNN հեռուստաալիքները, կոնգլոմերատի ղեկավարությունը՝ գործադիր տնօրեն Դևիդ Զասլավի գլխավորությամբ, քննարկում է ակտիվների վաճառքի զանազան տարբերակներ: Ավելի վաղ Warner Brothers Discovery-ն փակել էր CNN+ ստրիմինգային հարթակը, հրաժարվել «Կիսալույս» (Half Light) ֆանտաստիկ սերիալի արտադրությունից, որը պետք Է նկարահաներ Ջեյ Ջեյ Աբրամսը, և հետաձգել Էր «Բեթգըրլ» (Batgirl) կոմիքսի մոտիվներով նկարահանված ֆիլմի թողարկումը: