ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պահուստներից Չինաստան նավթ արտահանելու արգելքին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը հավանություն է տվել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը պատկանող, նրա կողմից վերահսկվող կամ նրա ազդեցության տակ գտնվող կազմակերպություններին ռազմավարական պահուստից նավթի վաճառքն արգելող օրինագծին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից:
Այս որոշման օգտին հանդես Է եկել Ներկայացուցիչների պալատի 331 անդամ, դեմ՝ 97-ը։ Գործակալությունը նշում է, որ դեմ քվեարկող բոլոր կոնգրեսականները եղել են դեմոկրատներ: ԱՄՆ-ից Չինաստան նավթի արտահանման հարցը հանրապետականների շրջանում լուրջ քննադատության առարկա դարձավ անցյալ տարի, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ռազմավարական պահուստից Չինաստանին 180 միլիոն բարել նավթ վաճառելու մասին՝ նավթի գները մեղմելու համար, որոնք բարձրացել էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով:
«Ներկայում Չինաստանը, հավանաբար, ունի պետության կողմից վերահսկվող աշխարհում խոշորագույն նավթի պաշարները, որոնք կազմում են գրեթե 1 միլիարդ բարել՝ ի հաշիվ ամերիկացի հարկատուների և մեր էներգետիկ անվտանգության: Ամերիկյան ռազմավարական պահուստը նախատեսված է էլեկտրաէներգիայի մատակարարումների իրական խափանումների համար, ինչպիսիք, օրինակ, փոթորիկներով ու տարերային աղետներով պայմանավորված խափանումներն են, այլ ոչ թե Չինաստանին օգնելու համար», - ասել է Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Քեթի Մաքմորիս Ռոջերսը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության հունվարի 6-ի տվյալներով՝ ռազմավարական պահուստում նավթի ծավալը կազմել է 371,58 մլն բարել, ինչը նվազագույն ցուցանիշն է 1983 թ. դեկտեմբերից ի վեր։
Այժմ Չինաստանին նավթի վաճառքն արգելելու օրինագիծը պետք է հաստատի Սենատը. հաստատվելու դեպքում այն կներկայացվի նախագահի ստորագրմանը։ Վերլուծաբանները թերահավատ են այն հարցում, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը կաջակցի այդ նախաձեռնությանը։