Փորձել էին գողանալ վճարային տերմինալը․ ոստիկանների բացահայտումը
Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։
Հունվարի 11-ի առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նույն օրը Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին նաև 18 և 20 տարեկան երիտասարդները։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին։