ԱՄՆ-ի հետախուզությունն ավելի քան 500 նոր հաղորդագրություն է ստացել ՉԹՕ-ների մասին
2022 թ. օգոստոսից ի վեր Միացյալ Նահանգներում չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հայտնաբերման ավելի քան 500 դեպք է գրանցվել, ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի զեկույցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Ըստ զեկույցի՝ հայտնաբերված երևույթների կեսից ավելին ունեն «ոչնչով աչքի չընկնող բնութագրեր»։ Դրանցից 26-ը բնութագրվել են որպես անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), 163-ը՝ որպես «օդապարիկներ կամ օբյեկտներ, որոնք նման են օդապարիկների»:
Մի քանի այլ հաղորդագրություններ կապված են եղել թռչունների, եղանակային երևույթների կամ օդում գտնվող աղբի հետ, ինչպիսիք պլաստիկե տոպրակներն են: Դրա հետ մեկտեղ, 171 երևույթի մասին ԱՄՆ կառավարությունն այդպես Էլ չի կարողացել բացատրություն գտնել։
«Այս չբացահայտված անոմալ երևույթներից (UAP) մի քանիսը ցուցադրել են արտասովոր թռիչքային բնութագրեր կամ շահագործման հնարավորություններ և պահանջում են հետագա վերլուծություն», - ասվում է հաշվետվության մեջ:
Ինչպես հետևում է փաստաթղթից, չճանաչված օբյեկտների մասին նոր հաղորդագրությունների մեծ մասն ստացվել է ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերի օդաչուներից ու օպերատորներից, «որոնք չբացահայտված անոմալ երևույթների ականատեսն են եղել իրենց օպերատիվ պարտականությունները կատարելու ժամանակ»:
Դեկտեմբերի 12-ին հրապարակված հաշվետվությունը ցույց է տվել գրանցված միջադեպերի թվի կտրուկ աճ 2021 թ.-ի համանման զեկույցի հրապարակումից ի վեր: Դա բացատրվում Է նրանով, որ «ավելի լավ են գիտակցվում հնարավոր սպառնալիքները, որ ՉԹՕ-ն կարող է ներկայացնել կա՛մ թռիչքների անվտանգության համար, կա՛մ որպես տվյալների հավաքման հարթակ հնարավոր հակառակորդի կողմից»:
Զեկույցում նշվում է, որ Պենտագոնը և հետախուզական գործակալությունները «կշարունակեն հետաքննել ՉԹՕ-ների երևույթներին օտարերկրյա կառավարության հնարավոր առնչության ցանկացած ապացույց»:
The Guardian պարբերականն իր հերթին նշում է, որ զեկույցի հրապարակումից առաջ Կոնգրեսը տարիներ շարունակ պնդում էր, որ ռազմական և հետախուզական համայնքը լրջորեն վերաբերվի նախկինում ՉԹՕ կոչվող երևույթներին:
ԱՄՆ զինված ուժերը անհանգստացած են, որ նախկինում ռազմական օդաչուների կողմից նկատված որոշ չբացահայտված անոմալ երևույթներ կարող են լինել ռազմավարական մրցակիցների տեխնոլոգիաներ, որոնք ծանոթ չեն ամերիկացի գիտնականներին: