ԱՄՀ ղեկավարն ակնկալում է, որ 2023 թ.-ին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը կպահպանվի 2,7 %-ի մակարդակում
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի պատրաստվում վատթարացնել այս տարվա համաշխարհային տնտեսական աճի՝ հոկտեմբերյան կանխատեսումը, որը գտնվում է 2,7%-ի մակարդակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի խոսքերը:
Հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ նավթի գների կտրուկ աճի վերաբերյալ որոշ փորձագետների մտավախությունները չարդարացան, իսկ շատ երկրների աշխատաշուկաներում իրավիճակը մնում է կայուն։
Ընդ որում, նա հավելել է, որ 2023 թ.-ը կլինի ևս մեկ «բարդ տարի» համաշխարհային տնտեսության համար, գնաճի մակարդակը կմնա կայուն բարձր։ Այնուամենայնիվ, Գեորգիևան չի ակնկալում, որ այս տարի կանխատեսումներն անընդմեջ կնվազեն, ինչպես դա եղավ անցյալ տարի, եթե, իհարկե, տեղի չունենան անսպասելի իրադարձություններ:
Նրա կարծիքով՝ այս տարի համաշխարհային տնտեսության զարգացումը «կհասնի ստորին սահմանին աշխուժացման փուլից առաջ» և կսկսի արագանալ 2024 թ.-ին։
«Համաշխարհային տնտեսական աճը մեծապես կդանդաղի 2023 թ. երկրորդ կեսին, հնարավոր է՝ մինչև 2023 թ. վերջը, իսկ 2024 թ.-ին մենք կտեսնենք ավելի բարձր աճ, քան 2023 թ.-ին», - ասել է Գեորգիևան։
Սակայն, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի խոսքով, 2023 թ.-ը կլինի բարդ հատկապես այն պատճառով, որ կենտրոնական բանկերը պետք Է դժվարին որոշում կայացնեն այն մասին, թե որքան ավելի շատ պետք է կրճատեն իրենց տնտեսությունները պահպանվող բարձր գնաճի պայմաններում: Նա նաև կարծում է, որ գլոբալ ռեցեսիայից դեռ հնարավոր է խուսափել: Գեորգիևան նաև նշել է, որ չնայած Չինաստանն անցալ տարի ,հիասթափեցնողե արդյունքներ է ցույց տվել, սակայն Պեկինի հետ մեծ հույսեր են կապում, քանի որ նախկինում այդ երկրին բաժին է ընկել համաշխարհային աճի 35-45 տոկոսը:
«Դա կախված կլինի այն բանից՝ արդյոք Պեկինը կհետևի իր ուղեգծին և չի վերադարձնի կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը… Կարևոր է, որ Չինաստանը մնա իր նախանշած ուղու վրա և հետ չկանգնի դրանից», - ասել Է նա՝ հավելելով, որ Չինաստանն, «ամենայն հավանականությամբ, կմնա համաշխարհային աճի միակ կարևորագույն գործոնը»:
Անցյալ տարվա հոկտեմբերին հիմնադրամը համաշխարհային աճը կանխատեսում էր այս տարվա համար 2,7%-ի մակարդակում: Համաշխարհային աճի կանխատեսումը 2022 թ.-ին 6,0 %-ից նվազել էր մինչև 3,2%-ի։ Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ ԱՄՀ-ի հունվարյան թարմացված զեկույցը կհրապարակվի այս ամսվա 31-ին: