ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը:
Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է:
«Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», - գրված է նամակում:
Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք ողջունում ենք մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը, սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին՝ դադարեցնել այս անընդունելի շրջափակումը», - նշում են ԱՄՆ սենատորները: