Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը
54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Associated Press գործակալությունից:
Երգչուհու մահվան մասին հայտարարություն է տարածել նրա մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին։ «Ծանր սրտով պետք է կիսվեմ այն գույժով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքեց մեզ», - ամսագրին ասել է երգչուհու մայրը։
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ նրան հունվարի 12-ի առավոտյան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Լիզա Մարիի մոտ «սրտի ամբողջական կանգ» է տեղի ունեցել: TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում Լիզա Մարի Փրեսլին արհեստականկոմայի մեջ է գտնվել:
Փրեսլին իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է երեք ալբոմ՝ To Whom It May Concern (2003), Now What (2005) և Storm & Grace (2012)։ Երկար ժամանակ նա ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի բարեգործական հիմնադրամը։
Փրեսլին այս շաբաթ ներկա է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը: Ի դեպ, այնտեղ դրամատիկական ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար մրցանակն ստացել Է դերասան Օսթին Բաթլերը՝ «Էլվիս» (2022) ֆիլմում խաղացած դերի համար, որը պատմում է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի կյանքի մասին: