Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր
Հունվարի 12-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը:
Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը: