Կալիֆորնիայում աճել Է փոթորկի և հեղեղումների հետևանքով զոհերի թիվը
ԱՄՆ-ի արևմտյան Կալիֆորնիայի նահանգում փոթորիկների և հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին։ Ավելի վաղ հաղորդվել Էր 12 զոհի մասին։
«Փոթորիկների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում, հեղեղումներից ջրածածկ են եղել փողոցները և տապալվել ծառեր»,- հաղորդում է հեռուստաալիքը։
16 օրվա ընթացքում Կալիֆորնիայում գրանցվել է մեկ տարվա 50-70 %-ի չափով տեղումներ, իսկ Սանտա Բարբարայի մերձակայքի լեռնային հատվածներում՝ մեկ տարվա 90 %-ի չափով:
Հորդառատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել ափերից, հեղեղվել են փողոցները, վնասվել են ավտոճանապարհներ և տներ, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Տարհանումը դեռ շարունակվում է։
Մոնտերեյ շրջանի իշխանությունները նախազգուշացրել են, որ թերակղզին, որի վրա գտնվում է շրջանը, կարող է կղզի դառնալ և կտրվել առաջին անհրաժեշտության ծառայություններից:
«Մոնտերեյ թերակղզին կարող է վերստին կղզի դառնալ, ինչպես դա եղել Է 1995 թ. ջրհեղեղների ժամանակ, այնպես որ, խնդրում ենք, սկսե՛ք պատրաստվել հիմա», - CNN-ը մեջբերել է տեղի շերիֆի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փոթորկի պատճառով արտակարգ դրության ռեժիմ Էր հայտարարել Կալիֆորնիայում և կարգադրել աջակցության դաշնային միջոցներ ձեռնարկել։
Բայդենը լիազորել է Ներքին անվտանգության գերատեսչությանը և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը՝ համակարգել ջանքերը Կալիֆորնիայում տարերային աղետների հետևանքների վերացման ուղղությամբ և անհրաժեշտ օգնությունը տրամադրել՝ մարդկանց կյանքերը փրկելու և անվտանգությունն ու ունեցվածքը պաշտպանելու համար: CNN-ը, վկայակոչելով Փոթորիկների կանխատեսման կենտրոնի կանխատեսումները, նշում է, որ հեղեղները կշարունակվեն նաև հաջորդ չորեքշաբթի: