Հնդկաստանը ստանում է ռուսական С-400-ների երրորդ լրակազմը
Հնդկաստանն այս պահին ստանում է ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների երրորդ լրակազմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Ռուսաստանից Հնդկաստան С-400 հրթիռների երրորդ լրակազմի մատակարարումներն սկսվել են որոշ ուշացումից հետո, որի պատճառը հակառուսական պատժամիջոցներն են»,- հայտնել են The Times of India թերթի աղբյուրները։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Հնդկաստանը փնտրում Է ռուսական սպառազինությունների մատակարարումների և դրանց տեխիկական սպասարկման համար վճարելու այլընտրանքային մեխանիզմներ։
«Բայց այդ հարցը կարգավորվում Է», - ասել են աղբյուրները։ Նախատեսվում է, որ մինչև 2023 թ. վերջը Հնդկաստանը կստանա С-400 զենիթահրթիային համակարգերի հինգ լրակազմ։ 2015 թ.-ին Հնդկաստանը հայտարարեց ռուսական С-400 հակաօդային զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մտադրության մասին։ С-400 «Տրիումֆ» հինգ գնդային լրակազմերի մատակարարման՝ 5,43 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրն ստորագրվել է 2018 թ.-ի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։
С-400 «Տրիումֆ»-ը ռուսական մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ Է: Այն նախատեսված է օդային հարձակման միջոցների և ցանկացած այլ օդային թիրախների խոցման և հետախուզման համար ինտենսիվ կրակային և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։ Համակարգն ի վիճակի է խոցելու ինքնաթիռներ և թևավոր հրթիռներ մինչև 400 կմ հեռավորության վրա, բալիստիկ թիրախներ մինչև 60 կմ հեռավորության վրա, որոնք թռչում են մինչև 4,8 կմ/վ արագությամբ, և կարող է ոչնչացնել թիրախները մինչև 30 կմ բարձրության վրա: