Գողերը զանգահարել են 911 ծառայություն, որպեսզի իրենց օգնեն տեղափոխել իրերն այն տնից, որը նրանք կողոպտել են
Ֆլորիդայում գողերը զանգահարել են արտակարգ օգնության ծառայություն, որպեսզի իրենց օգնեն տեղափոխել իրերն այն տնից, որը նրանք կողոպտել են, հայտնում է AP-ն։
Երբ ոստիկանները ժամանել են, սկզբում կարծել են, որ տանը ոչ ոք չի ապրում, բայց հետո կասկածյալ տղամարդուն եւ նրա ընկերուհուն հայտնաբերել են տան ներսում այն բանից հետո, երբ մուտք են գործել չկողպված դռնով։
Պարզվել է, որ տղամարդը հետախուզման մեջ է խանութի կողոպուտից հետո։ Կինը իրավապահներին հայտնել է, որ զանգահարել է 911, որպեսզի իրավապահ մարմիններն օգնեն իրենց իրերը տանել կողոպտված տնից։ Նրանք նաեւ ցանկացել են հասնել օդանավակայան, որպեսզի կարողանան հանգստյան օրերը Նյու Յորքում անցկացնել:
«Ոստիկանները օգնել են նրանց եւ ոչ թե օդանավակայան… այլ ոստիկանական բաժանմունք են տարել,- ասվում է շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ,- Եվ նրանք կարող են այնտեղ մնալ ամբողջ հանգստյան օրերին»։
Կասկածյալ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել տան գողության եւ խանութի գողության համար: Ըստ շերիֆի գրասենյակի՝ կասկածյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության համար: