ԵՄ-ն կասկածում է, որ Բայդենը Եվրոպայի համար բարենպաստ փոփոխություններ կանի կլիմայի մասին օրենքում
Եվրամիությունը թերահավատորեն է վերաբերվում նրան, որ ԱՄՆ-ը որեւէ էական փոփոխություն կանի 370 միլիարդ դոլար արժողությամբ «կանաչ» ներդրումների պլանում, որը Բրյուսելի խոսքով, անարդարացիորեն սուբսիդավորում է ամերիկյան ընկերություններին, հայտնում է Bloomberg-ը:
Չնայած նախագահ Ջո Բայդենն անցած ամիս ասել էր, որ ինքը տեսնում է Գնաճի նվազեցման օրենքի (IRA) շտկման հնարավորություն՝ «եվրոպական երկրների մասնակցությունը հեշտացնելու համար», ԱՄՆ-ը մինչ այժմ հարկային արտոնություններ է առաջարկել միայն առեւտրային էլեկտրական մեքենաների համար, որոնք ԵՄ պաշտոնյաներն անբավարար են համարել:
Աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ն անտեսել է ԵՄ-ի մտահոգությունների եւ առաջարկների մեծ մասը այն մասին, թե ինչպես անել, որ IRA-ն, որն առաջարկում է հարկային արտոնություններ ԱՄՆ արտադրության ապրանքների եւ մասերի համար, ավելի քիչ խտրականություն դրսեւորի եվրոպական ընկերությունների նկատմամբ:
ԵՄ առաջնորդները հաջորդ ամիս կհանդիպեն Բրյուսելում, որպեսզի քննարկեն ԱՄՆ օրենքին վերաբերող արձագանքները, որոնցից ոմանք առաջարկում են այսպես կոչված «Գնիր եվրոպականը» օրենքը, որը կօգնի աջակցել հայրենական ընկերություններին: ԵՄ-ն հայտարարել է, որ կարող է ԱՄՆ-ի դեմ բողոք ներկայացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, մի հեռանկար, որը կարող է խաթարել անդրատլանտյան միասնությունը Ուկրաինայում պատերազմի թեժ պահին:
ԱՄՆ օրենսդրության նկատմամբ զայրույթն աճում է, եւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն մեղադրում է ԱՄՆ-ին Ատլանտյան օվկիանոսից այն կողմ կանաչ արդյունաբերության որսագողության մեջ:
«Նրանք շատ ագրեսիվորեն զանգահարում են բելգիական, գերմանական ընկերություններին եւ ասում․ «Եվրոպայում ներդրումներ մի կատարեք, մենք ավելի լավ բան ունենք,- ասել է Դե Կրոուն,- Դա անհանգստանալու բան է»:
Անցյալ շաբաթ Բայդենն իր կաբինետին ասել է, թե ցանկանում է, որ իր վարչակազմն առաջ մղի իր ստորագրված կլիմայական քաղաքականությունը, ինչպես կա, բայց նրա օգնականներն ասում են, որ իրենք դեռ քննարկում են, թե ինչպես մեկնաբանել օրենքը, ըստ քննարկումներին ծանոթ մարդկանց:
IRA-ն փոխելու փոքր հույս չունենալով՝ ԵՄ-ն կենտրոնացել է օրենքին արձագանքելու վրա:
Անցյալ ամիս Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հրապարակել է նախնական ծրագիրը, որը անդամ երկրներին ավելի մեծ ազատություն կտա իրենց ընկերություններում ներդրումներ կատարելու հարցում եւ ԵՄ-ի գոյություն ունեցող գումարները կվերահղի կարիքավոր ընկերություններին: Սակայն առաջնորդները պետք է որոշեն, թե որքանով է տարածվում հանձնաժողովի առաջարկը եւ, որ կարեւոր է, այն կներառի արդյոք նոր ֆինանսներ:
ԵՄ պատասխանը կարող է ներառել նաեւ Եվրոպական մաքուր տեխնոլոգիաների օրենքը, ինչպես նաեւ աջակցություն Եվրոպական ներդրումային բանկի վարկերին եւ մրցունակությունը բարելավելու այլ մեթոդներին: Ամռանը հանձնաժողովը կառաջարկի նաեւ Ինքնիշխանության հիմնադրամ ստեղծել։
Խաղաղ լուծումներ գտնելու համար ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են ժամանակավոր աշխատանքային խմբի միջոցով, եւ պաշտոնյաները ձգտում են խուսափել առեւտրային հակամարտություններից եւ սուբսիդավորման մրցավազքից: Այնուամենայնիվ, աղբյուրներն ասում են, որ ակնկալիքները ցածր են, քանի որ «գնիր ամերիկյանը» նոր օրենքի հիմքն է, եւ ոչ Կոնգրեսը, ոչ Բայդենի վարչակազմը կարծես թե պատրաստ չեն որեւէ չափով հեռանալ դրանից: