Մալայզիայում հսկա պիթոնը կոտրել է առանձնատան տանիքը
Սարահուակ նահանգի Կամպունգ Պասիր Լուտոնգ գյուղում մալայզիացի ընտանիքի ժամանցն ընդհատվել է հունվարի 10-ի կեսգիշերին։ Հեռուստացույց դիտող ընտանիքի անդամների աչքի առջև երեք մետրանոց պիթոնի ծանրությունից փլուզվել է առանձնատան տանիքը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթը։
Կես ժամ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Պիթոնին հաջողվել է թաքնվել խոհանոցում գտնվող աղբամանի տակ։
Ոստիկան Միրվան Շահ Բին Մասրին հայտնել է, որ կենդանուն բռնել են կես ժամում։ Նրա քաշը 7 կգ-ից ավելին է եղել։ Պիթոնը տարվել և բաց է թողնվել իր բնական միջավայրում:
Ցանցավոր պիթոնը համարվում է մոլորակի ամենաերկար օձը։ Պաշտոնապես Գինեսի ռեկորդների գրքում գրանցված օձի ամենաերկար փաստագրված նմուշը ցանցավոր պիթոնն է, որը բռնվել է 1912 թվականին՝ Ինդոնեզիայի Սելեբես կղզում: Նրա երկարությունը կազմել է 9 մետր 75 սանտիմետր, օձի քաշը գերազանցել է 130 կգ-ը։ Ցանցավոր պիթոնի միջին երկարությունը 4-6 մետր է։ Օձը թունավոր չէ և սովորաբար չի հարձակվում մարդկանց վրա։ Ցանցավոր պիթոնի ամենախոցելի կետը նրա գլուխն է, որը նա թաքցնում է իր գալարների մեջ: