Թուրքիան Ուկրաինայում վիրավորների համար մարդասիրական միջանցք բացելու կոչ է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք վիրավորներին բերել ենք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, բուժել նրանց մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկել: Դա մեր մարդասիրական պարտքն է, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում մարդու իրավունքների միջազգային համաժողովի մասնակիցների առջև։
Ավելի վաղ Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ Թուրքիան հույս ունի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցք կբացվի՝ Անկարայի միջնորդությամբ՝ օգնելու համար երեխաներին, կանանց և ուկրաինական ճգնաժամից տուժածներին: