ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա։ Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։
Միջազգային հարցերը քննարկելիս երկուստեք դրական է գնահատվել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման հարցում։ Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։
Նշվում է, որ նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել։