Լեհաստանը Ուկրաինային Leopard տանկերի վաշտ կփոխանցի
Լեհաստանը Ուկրաինային Leopard տանկերի վաշտ կփոխանցի՝ միջազգային կոալիցիայի ստեղծման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Անջեյ Դուդան՝ Լվովում Լյուբլինյան եռանկյունու ձեւաչափով հանդիպման արդյունքներով, որը ներառում է Լեհաստանը, Ուկրաինան եւ Լիտվան, հաղորդում է «Լեհական ռադիոն»։
«Մենք ցանկանում ենք, որ ձեւավորվի միջազգային կոալիցիա, եւ մենք դրա շրջանակներում մեր ներդրումը կունենանք՝ Leopard տանկերի վաշտի տեսքով առաջին օգնության փաթեթը, որը, հուսով եմ, այլ երկրներից Leopard տանկերի եւ այլ տեսակի տանկերի հետ միասին տարբեր ճանապարհներով կժամանեն Ուկրաինա եւ կամրապնդեն նրա պաշտպանությունը։ Նման որոշում Լեհաստանում արդեն կայացվել է»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Կիեւը սպասում է այն երկրների «համատեղ որոշմանը», որոնք քննարկում են տանկերի փոխանցման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ մի երկիրը չի կարող հաղթանակի համար անհրաժեշտ տանկերի քանակություն տրամադրել։