Թուրքիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավարը դատապարտվել է «ահաբեկչության քարոզչության» մեղադրանքով
Դատարանը Թուրքիայի բժիշկների ասոցիացիայի նախագահին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն» տարածելու մեջ այն դատավարությունից հետո, որը իրավապաշտպան խմբերը իշխանությունների քննադատներին լռեցնելու փորձ են համարել, հաղորդում է AP-ն։
Ստամբուլի դատարանը դոկտոր Սեբնեմ Քորուր Ֆինչանչիին դատապարտել է մոտ երեք տարվա ազատազրկման, բայց նաեւ հրամայել է նրան ազատել նախնական կալանքից, մինչ նա կբողոքարկի դատավճիռը:
63-ամյա Ֆինչանչին ձերբակալվել էր հոկտեմբերին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը քարոզելու մեղադրանքով։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ԶԼՄ-ների հետ հարցազրույցից հետո, որտեղ նա կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենք կիրառելու պնդումների վերաբերյալ:
Ֆինչանչին վերջին ակտիվիստն է, որը դատապարտվել է Թուրքիայի հակաահաբեկչական լայն օրենքների համաձայն: Նա իր կարիերայի մեծ մասը նվիրել է խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի փաստագրմանը, ինչպես նաեւ զբաղեցրել է Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահի պաշտոնը:
Իր դատավարության ընթացքում Ֆինչանչին հերքել է այն մեղադրանքները, որ հարցազրույցի ժամանակ զբաղվել է քարոզչությամբ՝ պնդելով, որ ինքը պրոֆեսիոնալ կարծիք է արտահայտել։
Մեղադրանքները բխում են այն հարցազրույցից, որ նա տվել է քրդամետ Medya Haber հեռուստաալիքին, եւ մեկնաբանել է քիմիական զենքի կիրառումը ցուցադրող տեսանյութը։ Նա ենթադրել է, որ թունավոր գազ է արտանետվել, բայց նաեւ «արդյունավետ հետաքննության» կոչ է արել:
Թուրքիայի պաշտոնյաները կտրականապես հերքել են այն պնդումները, թե երկիրը քիմիական զենք է կիրառել՝ պնդելով, որ իր զինված ուժերը նման զենք չունեն։
Նրա մեկնաբանություններն արժանացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացասական արձագանքին, որը նրան մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին զրպարտելու եւ երկրին վիրավորելու մեջ:
Էրդողանի իշխող կուսակցության հետ կապված ազգայնական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին էլ ավելի հեռուն է գնացել եւ պահանջել է նրան զրկել Թուրքիայի քաղաքացիությունից եւ փակել ասոցիացիան:
Համաշխարհային բժշկական ասոցիացիան Ֆինչանչիի դեմ հարուցված գործն անվանել է «անհիմն, անօրինական ու անընդունելի» եւ կոչ է արել անհապաղ արդարացնել նրան։