ՀԱՊԿ քարտուղարությունը Երեւանից ծանուցում չի ստացել ՀՀ տարածքում զորավարժությունների չեղարկման մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը Երեւանից դեռ պաշտոնական ծանուցումներ չի ստացել Հայաստանում «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին, ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս տարի հայկական հողի վրա տվյալ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը նախկինում հաստատվել էր նաեւ Երեւանի կողմից։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունների չեղարկման մասին հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել։ Մենք ըմբռնումով ենք մոտենում այսօր Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել նախատեսվող ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները»,- լրագրողներին հայտնել է Զայնետդինովը։
Նա հստակեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը եւ համատեղ շտաբը «գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (հավաքական ուժերի) մարտական պատրաստության ծրագրերն ամբողջությամբ իրականացվեն՝ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման համար նրանց պատրաստվածությունն ուժեղացնելու նպատակով»։
Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն էր ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունների անցկացման անպատակահարմարության մասին, քննարկվում է այլ պետությունների տարածքում զորավարժությունների անցկացման հնարավորությունը։