Բայդենը միգրացիոն ճգնաժամը խնդիր Է համարել թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Մեքսիկայի համար
Միգրացիոն ճգնաժամը խնդիր է և՛ ԱՄՆ-ի, և՛ Մեքսիկայի համար, երկրները փորձում են այն լուծել համատեղ ջանքերով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեքսիկայի մայրաքաղաքում Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների գագաթնաժողովի ավարտին: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ջո Բայդենի մեքսիկացի գործընկեր Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Միացյալ Նահանգների ղեկավարը հիշեցրել է, որ Մեխիկո ժամանելուց առաջ կանգ է առել Էլ Պասոյում (Տեխասի նահանգ)՝ իր աչքերով տեսնելու սահմանին տիրող իրավիճակը: «Այս (միգրացիոն ճգնաժամն) իրական ծանրաբեռնվածություն Է ստեղծում ինչպես Մեքսիկայի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար: Մենք միասին աշխատում ենք լուծել այս խնդիրն այնպես, որպեսզի կիրառենք մեր երկրների օրենքները և պաշտպանենք ներգաղթյալների իրավունքները, որոնք հայտնվել են հուսահատ վիճակում», - հայտարարել է Բայդենը:
«Մեր ամբողջ կիսագունդը բախվել է աննախադեպ մակարդակի միգրացիայի, որը պատմության մեջ ամենաբարձրն է: Հյուսիսային Ամերիկայի երկրների գագաթնաժողովում, որը տեղի Է ունեցել 2021 թվականին Վաշինգտոնում, մենք առաջ քաշեցինք ընդհանուր տարածաշրջանային խնդրին ընդհանուր տարածաշրջանային մոտեցման գաղափարը: Այս գաղափարը վերաճեց Լոս Անջելեսի Միգրացիայի և պաշտպանության հռչակագրի, որը կես տարի առաջ Ամերիկաների գագաթնաժողովում ընդունվեց 21 երկրների կողմից: Եվ մենք աշխատում ենք միասին, հատկապես Հյուսիսային Ամերիկայի մեր գործընկերների հետ, որպեսզի կատարենք այս հռչակագրի շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունները: Դա ներառում է Նիկարագուայից, Հայիթիից և Կուբայից ներգաղթյալների համար օրինական ուղիների ընդլայնման միջոցներ, որոնց մասին ես հայտարարեցի անցյալ շաբաթ», - նշել է ԱՄՆ նախագահը:
«Մենք փորձում ենք դյուրացնել մարդկանց ճանապարհն այստեղ, ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի նրանք կարողանան հասնել այստեղ», - հայտարարել է Բայդենը: ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հարկավոր է, որ ներգաղթյալները մնան իրենց երկրներում: «Մենք կշարունակենք միգրացիայի հիմնական պատճառների վերացմանն ուղղված մեր ջանքերը, որպեսզի օգնենք մարդկանց մնալ իրենց երկրներում: Այդ նպատակով ես Կոնգրեսից խնդրել եմ 4 միլիարդ դոլար», - հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ հանրապետականներին կոչ անելով աջակցել իր առաջարկած միգրացիոն բարեփոխմանը: Բայդենը նշել է մաքսային ծառայությունների տեխնոլոգիական ներուժի ընդլայնման կարևորությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար։
Ինչպես նշված է Մեխիկոյում կայացած հյուսիսամերիկյան գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ, Կանադայի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պարտավորվել են օգնել Արևմտյան կիսագնդի երկրներին՝ բարելավել կենսամակարդակը` դրանով իսկ նպաստելով միգրացիոն հոսքերի կրճատմանը:
«Ներկայում մենք… պետք է բացահայտենք այն պատճառները, որոնք առաջացնում են անօրինական միգրացիա և հարկադիր տեղահանում և զբաղվենք դրանցով: Մեքսիկան, Կանադան և ԱՄՆ-ը պատավորություն են ստանձում՝ օգնելու Արևմտյան կիսագնդի երկրներին ստեղծել պայմաններ, որպեսզի բարելավվի կյանքի որակը, հատկապես միգրացիոն խմբերում, որոնք առավել խոցելի են այնպիսի երևույթների հանդեպ, ինչպիսք են տեղահանումը, հարկադիր ներքին և արտաքին միգրացիան», - ասված Է փաստաթղթում: