Ինֆանտինոն հարցաքննվել է լիազորությունները չարաշահելու գործով
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հարցաքննվել է Շվեյցարիայի դատախազության կողմից այն քրեական գործի շրջանակում, որով նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայողական գաղտնիությունը խախտելու և հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հայտնում է Le Monde թերթը։
Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի հուլիսին։ Դատախազները հետաքննում են 2016 և 2017 թվականներին Ջանի Ինֆանտինոյի և Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի երեք ենթադրյալ գաղտնի հանդիպումները: Լաուբերը 2015-ից 2019 թվականներին ղեկավարել է ՖԻՖԱ-ի վերաբերյալհետաքննությունները և պաշտոնից հեռացել է 2020 թվականին այն բանից հետո, երբ նրան կասկածում էին սկանդալում ներգրավվածության մեջ:
Հետաքննության փոխանցմամբ՝ գաղտնի հանդիպումների ժամանակ Ինֆանտինոն տեղեկատվություն է փնտրել ՖԻՖԱ-ի և նրա նախկին ղեկավարների դեմ հետաքննության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ազդել այդ հետաքննության ընթացքի վրա:
Ջանի Ինֆանտինոն հույս է հայտնել, որ գործը կավարտվի մինչև մարտ, երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները։ Դրանք կանցկացվեն Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում մարտի 16-ին կայանալիք կազմակերպության համագումարում: Ինֆանտինոն միակ թեկնածուն է:
Աղբյուր ArmSport.am