Ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետեւել Փաշինյանի ասուլիսին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ կեսօրից, ՀՀ պետական գրեթե ողջ համակարգը կանգ էր առել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները, համակարգիչների առջեւ նստած, հետեւում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին. աշխատանքը կասեցված էր:
Հատկապես ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետեւել ասուլիսին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարչապետի մտքից իդեաներ որսան ու ընթացք տան ինչ-ինչ բարձրաձայնումների: Ինչպես հայտնի է, երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս չէր հրավիրում: Ինչպես ինքը՝ վարչապետը խոստովանեց, 2020թ.-ի պատերազմից հետո քաղաքականապես լարված վիճակ էր, եւ լրատվամիջոցների մեջ էլ քաղաքականացվածության մակարդակը բարձր էր, դրա համար ինքը խուսափել է հանդիպել իր երբեմնի գործընկերներին: Այդ առումով երեկվա ասուլիսը սպասված էր: Փաշինյանը, ինչպես նկատվեց, երկար էր պատրաստվել հարցերին. աշխատում էր հունից դուրս չգալ, ձայնը չբարձրացնել: Հասցրեց, սակայն, մի քանի լուրջ բացթողումներ անել. երբ հարցը դուրը չէր գալիս, ասում էր՝ տեղյակ չեմ:
Օրինակ՝ այն մասին, որ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն շուրջ 160 համարներում ստերի շարք է հրապարակել՝ Փաշինյանի կողմից հայտարարված, տեղյակ չէր, տեղյակ չէր նաեւ իր թիմակիցների՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին, տեղյակ չէր, որ իր թիկնազորի պետը հարվածել էր օպերատորին, գործն ինչ եղավ, եւ այսպես շարունակ… Ընդհանուր առմամբ, անկարող ղեկավարի տպավորություն թողեց նա երեկվա ասուլիսում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։