ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համագործակցության հռչակագիր են ստորագրել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից: Համատեղ հռչակագիրը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդել և ընդլայնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջև նախորդ հռչակագրերի ստորագրումից (2016 և 2018 թվականներին) հետո համագործակցության աննախադեպ առաջընթացի վրա:
Առաջնորդները որոշել են անդրադառնալ աճող աշխարհառազմավարական մրցակցությանը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը: Աշխատանքի այլ առաջնահերթ ոլորտները կլինեն նոր ստեղծվող և բեկումնային տեխնոլոգիաները, տիեզերքը, կլիմայի փոփոխության հետևանքները, արտաքին միջամտությունը և տեղեկատվության շահարկումը:
Ստոլտենբերգը շեշտել է ՆԱՏՕ-ԵՄ համագործակցության կարևորությունը Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններից հետո անվտանգային միջավայրի փոփոխության համատեքստում: Նա շեշտել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցությունից հետո ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունն ավելի կարևոր կդառնա, և ՆԱՏՕ-ն կպաշտպանի ԵՄ-ի բնակչության 96 %-ին: