Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը հույս ունի 2023-ին 17 մլրդ դոլար ստանալ վերականգնման համար
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը հույս ունի 2023 թվականին 17 միլիարդ դոլար ստանալ ռազմական գործողությունների հետևանքով վնասված գույքի առաջնահերթ վերականգնման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Այսօրվա դրությամբ մեզ համար արդեն հասկանալի աղբյուրներից վերականգնման ընդհանուր գումարը կազմում է մոտ 110 միլիարդ գրիվնա (գրեթե 3 միլիարդ դոլար): Ընդհանուր առմամբ, այս տարի մենք ակնկալում ենք ստանալ 17 միլիարդ դոլար կամ 680 միլիարդ գրիվնա՝ վնասված և ավերված գույքի առաջնահերթ վերականգնման համար», - ասել է Շմիգալը:
Նա նշել է, որ վերականգնումը նախատեսում են սկսել այս տարի, և հավելել՝ ֆինանսավորման աղբյուրները կլինեն ՌԴ-ից բռնագրավված միջոցները, Ուկրաինայի բյուջեն, միջոցներ կուղղվեն նաև միջազգային գործընկերների և դոնորների կողմից։