Չինաստանը դադարեցրել է բոլոր վիզաների տրամադրումը Ճապոնիայի քաղաքացիներին. Kyodo
Չինաստանի իշխանություններն այսօրվանից դադարեցրել են բոլոր տեսակի վիզաների տրամադրումը Ճապոնիայի քաղաքացիներին. Պեկինը սպառնացել էր պատասխան քայլեր ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք Չինաստանից ուղևորների համար մուտքի խիստ սահմանափակումներ էին մտցրել։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը: Նշվում է, որ Ճապոնիայում Չինաստանի վիզաների կենտրոնը համապատասխան ծանուցում է ուղարկել զբոսաշրջության գործակալություններին։ Միջոցները վերաբերում են նաև գործարար ուղևորությունների համար վիզաներին։
Վիզաների կենտրոնի միջոցով փաստաթղթերը ներկայացնելու համար ամրագրումներ կատարելու հնարավորություն նույնպես չկա։ Ավելի վաղ Չինաստանը դադարեցրել էր կարճաժամկետ վիզաների տրամադրումը Հարավային Կորեայի քաղաքացիներին՝ ի պատասխան Չինաստանից ժամանողների նկատմամբ Սեուլի սահմանած հակաքովիդային միջոցների։ Դեկտեմբերի 30-ից Տոկիոն սահմանել է կորոնավիրուսի պարտադիր թեստավորում Չինաստանից ժամանող բոլոր ուղևորների և նրանց համար, ովքեր եղել են Չինաստանում վերջին շաբաթվա ընթացքում։
Սակայն հունվարի 8-ից, երբ Չինաստանը վերաբացեց իր սահմանները և չեղարկեց կարանտինային միջոցառումները, Ճապոնիան ավելի խստացրեց պահանջները: Ճապոնիա մուտք գործելու համար այժմ անհրաժեշտ է ներկայացնել քովիդի բացասական թեստի մասին տեղեկանք՝ արված թռիչքից 72 ժամ առաջ, իսկ ժամանելուն պես՝ հանձնել ՊՇՌ թեստ։ Միջոցները վերաբերում են բոլորին՝ անկախ պատվաստման մասին հավաստագրի առկայությունից կամ բացակայությունից։ Հունվարի 12-ից նման պահանջներ են սահմանվում նաև Մակաոյից ժամանողների համար։
Բացի Ճապոնիայից և Հարավային Կորեայից՝ Չինաստանից ժամանած ուղևորների նկատմամբ սահմանային հսկողությունը խստացրել են նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան: Չինաստանը դեկտեմբերի սկզբին մեղմացրել Է հակաքովիդային սահմանափակումները, ինչից հետո երկրում կորոնավիրուսի լուրջ տարածում Է արձանագրվել:
Ինչպես նշում են բժիշկ մասնագետները, դրանք COVID-19-ի թուլացած շտամներ են, հետևաբար, հիվանդությունը սովորաբար ընթանում է մեղմ ձևով, մահվան հավանականությունը ցածր է։ Սա առիթ է դարձել, որ ՉԺՀ-ի կառավարությունը հունվարի 8-ից Էապես մեղմացնի կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: