Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու մասին
Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել 2023 թ.-ին Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ անցկացնելուց Երևանի հրաժարվելու մասին հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավականին նոր հայտարարություն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը մերժել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: ՀՀ Պաշտպանության նախարարը մերժման մասին գրավոր ծանուցել է ՀԱՊԿ-ի միավորված շտաբին։