Երբ ասացինք՝ ԼՂ կարգավիճակի հարցում ՌԴ պարզաբանումները մեզ համար ամբողջովին ընդունելի են, պատկերն ամբողջացավ. Փաշինյան
Երբ ասացինք՝ ԼՂ կարգավիճակի հարցում ՌԴ պարզաբանումները
ԼՂ կարգավիճակի խնդրի վերաբերյալ, երբ որ եղավ այդ թվում Ռուսաստանի հրապարակային պարզաբանումները եւ մենք ասացինք, որ մեզ համար դա ամբողջովին ընդունելի է, պատկերն ամբողջացավ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, թե ԼՂ կարգավիճակի հարցում պետք է մի փոքր իջեցնել նշաձողը:
«Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունն ընկալել է որպես Ադրբեջանի մաս: Փաստն այն է, որ գուցե նաեւ այդքան պրագմատիկ չենք գտնվել եւ մեզ թվացել է, թե ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերը դրանք ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված, որը մենք կարող ենք նաեւ չնկատելու տալ: Դա մի մոտեցում է եղել, որի մասին մենք պետք է մտածենք: Ընդհանրապես, ես ասացի, որ մեր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը: Փաստերի հետ պետք է առերեսվենք, այլ հարց է, թե այդ փաստերի վրա հիմնվելով մեր հետագա քայլերն ինչպես կկառուցենք:
Ես նախկինում արդեն առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին, որ ԼՂ հարցում մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, եւ սա նույնպես իր հետ բերել է որոշակի հետեւանքներ: Այն, որ մենք Անկախության հռչակագրում հղում ենք արել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին ԳԽ եւ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը եւ դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե ԼՂ անկախության հռչակման մասին: Հետագայում մենք բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ 2007 թվականին մենք մադրիդյան սկզբունքներով ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջեւ ճշգրտված ժամկետներում, ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ինչով հերքել ենք 1991-ի դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում, այս ամենը նաեւ դրա արտահայտությունն է»,-ասաց Վարչապետը
Նրա խոսքով, ըստ էության, 2007-ին մենք ընդունել ենք, որ 1991-ի հանրաքվեն չի որոշել ոչ մի կարգավիճակ. «Հետեւաբար, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը մեր պետական քաղաքականության տրամաբանության մեջ: Մենք աշխարհից կտրված չենք, այդ համատեքստում ենք ապրում եւ դա պետք է հաշվի առնենք: Մեր քաղաքականությունն այսօր այնպիսին է եւ Լաչինի միջանցքի հետ կապված մեր դիրքորոշումը շարադրելիս ասել եմ, որ այսօր մեր խնդիրն է՝ աջակցենք, որ ԼՂ ժողովուրդը շարունակի ապրել ԼՂ-ում, շարունակի մնալ հայ, իրեն համարի արցախցի, հայ, հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում: Դեռեւս 2018-ից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը եւ ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի եւ հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս համատեքստում պետք է հարցը որոշվի»,-ընդգծեց նա: