Goldman Sachs Group-ը հազարավոր աշխատատեղեր կկրճատի
Goldman Sachs Group-ը կսկսի կրճատել հազարավոր աշխատատեղեր, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Ավելի քան 3000 աշխատակից կկրճատվի, ասել է աղբյուրը, սակայն վերջնական թիվը դեռես պետք է հստակեցվի: Աշխատակիցների կրճատումների մասշտաբը ամենամեծն է լինելու 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։
Երրորդ եռամսյակի վերջում Goldman-ը ուներ 49,100 աշխատակից՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ անձնակազմի զգալի աճից հետո։
Աշխատողների կրճատումները, ամենայն հավանականությամբ, կազդեն բանկի հիմնական ստորաբաժանումների մեծ մասի վրա:
Ուոլ Սթրիթի բանկերը կորպորատիվ գործարքների կտրուկ դանդաղում են ապրել՝ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության հետեւանքով:
Հավանաբար, հարյուրավոր աշխատատեղեր կկրճատվեն նաեւ Goldman Sachs-ի սպառողական Marcus բիզնեսում, ասել են աղբյուրները:
Ուոլ Սթրիթի հսկան սովորաբար ամեն տարի աշխատանքից ազատում է իր աշխատակիցների 1-ից 5 տոկոսին:
Համաշխարհային բանկերը, ներառյալ Morgan Stanley-ն եւ Citigroup Inc-ը, վերջին ամիսներին կրճատել են աշխատատեղերը, քանի որ Ուոլ Սթրիթի գործարքների բումը դադարեցվել է բարձր տոկոսադրույքների, ԱՄՆ-Չինաստան լարվածության, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի եւ աճող գնաճի պատճառով:
Համաշխարհային ներդրումային բանկային վճարները 2022 թվականին կրճատվել են գրեթե երկու անգամ, եւ բանկերը վաստակել են 77 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 132,3 միլիարդ դոլարի համեմատ, ըստ Dealogic-ի: