2 օր առաջ Գեղարքունիքում վթարի հետեւանքով զոհվել է 6 քաղաքացի, նրանցից 4–ը նույն ընտանիքի անդամներ են
Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից երկու օր անց զոհվածները դեռ չեն հուղարկավորվել։ Նրանցից միայն չորսի աճյուններն են այսօր հանձնել հարազատներին։ Չորսն էլ նույն ընտանիքի անդամներ են՝ 32–ամյա Ավետիք Աբրոյանը, նրա կինը՝ 29–ամայ Արմինե Շախնազարյանը եւ նրանց երկու երեխաները՝ 7–ամյա Նարեն եւ 4–ամյա Վաղինակը։ Երիտասարդ ընտանիքը Վարդենիկ գյուղից էր։
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընտանիքը Արարատից էր վերադառնում, գնացել էին կնոջ ծնողների Նոր տարին շնորհավորեն, հետ գալուց վթարը տեղի է ունեցել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 7–ին, ժամը 16։10–ի սահմանում, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Ներքին Գետաշեն գյուղի տարածքում։ Իրար են բախվել «Վազ 21703» մակնիշի եւ «Օպել» մակնիշի մեքենաները, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից մահացել են երկու մեքենաների վարորդները եւ բոլոր ուղեւորները։ Աբրոյանների ընտանիքը «Օպել»–ի ներսում էր, մեքենայի ղեկին՝ ընտանիքի հայրը։
«Վազ 21703» մեքենայում Լիճք գյուղի երկու բնակիչներ էին՝ վարորդը՝ 23–ամյա Նարեկ Կնյազյանը եւ ուղեւորը՝ 32–ամյա Կարեն Իրիցյանը։ Նրանք էլ Մարտունի քաղաքից էին վերադառնում գյուղ, երբ տեղի է ունեցել մեքենաների բախումը։ Նարեկի եւ Կարենի մարմինները դեռ հարազատներին չեն փոխանցել։
«Նարեկը շուտով պետք է ամուսնանար, նշանված էր, իսկ Կարենի էլ առաջնեկը պետք է ծնվեր»,– ասաց Լիճք գյուղի վարչական ղեկավար Հայկ Հոխիկյանը։
Լիճք եւ Վարդենիկ գյուղերի վարչական ղեկավարները մեզ հետ զրույցում պատմեցին, որ վթարի հետեւանքով առաջած հրդեհի ժամանակ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելն անհնարին է եղել։ Նրանց աճյունները րոպեների ընթացքում են մոխրացել։
«Մեքենաները բախվել են իրար, մեկը բարձրացել է մյուս մեքենայի վրա, հրդեհ է բռնկվել ու տարածվել է երկու մեքենայի մեջ։ Ժողովուրդը պատմում էր, որ չէին կարող մոտենալ, ահավոր վիճակ էր, նույնիսկ ասում էին, որ Կարենի եղբայրը այլ մեքենայով այդտեղով անցել է, տեսել է, բայց չի կարողացել որեւէ բան անի, դրանից սարսափելի բան գոյություն չունի»,– պատմեց Լիճք գյուղի վարչական ղեկավարը։
Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռ պարզ չէ, նախաքննություն է ընթանում։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
2023 թվականի առաջին օրերի ընթացքում ըստ ոստիկանության տվյալի, Հանրապետությունում տեղի է ունեցել 120 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 17 քաղաքացի, 177–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։