Շվեդիան չի կարող կատարել Անկարայի առաջադրած բոլոր պայմանները․ վարչապետ
Շվեդիան վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն չի կարող կատարել բոլոր այն պայմանները, որոնք Անկարան առաջ է քաշել։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, հայտնում է Reuters-ը։
«Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նրանք նաեւ ասում են, որ ուզում են այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- Շվեդիայում պաշտպանական հարցերով վերլուծական կենտրոնի համաժողովում ասել է Քրիստերսոնը:
Ֆինլանդիան եւ Շվեդիան Թուրքիայի հետ 2022 թվականին եռակողմ համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ Անկարայի առարկությունների հաղթահարմանը։
Մայիսին նրանք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել եւ մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին Շվեդիայի գերագույն դատարանի որոշման առնչությամբ, որ պետք է դադարեցվի լրագրողի արտահանձնման հարցումը, որը կասկածվում է իսլամագետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, վերջինիս Թուրքիան մեղադրում է պետական հեղաշրջման փորձի մեջ։