Հարավկորեացի զինվորականները մտադիր են իսրայելական Sky Spotter համակարգ ձեռք բերել՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի համար
Հարավկորեացի զինվորականները դիտարկում են իսրայելական «էլեկտրական աչք» գնելու հնարավորությունը՝ հյուսիսկորեական ոչ մեծ անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու իրենց կարողությունը ուժեղացնելու ջանքերի շրջանակներում, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրը:
Հարավային Կորեայի ռազմական իշխանությունները քննադատության են ենթարկվել՝ անցյալ ամսվա վերջին երկրի օդային տարածք հյուսիսկորեական հինգ անօդաչու թռչող սարքերի ներթափանցմանը դիմակայելու անկարողության համար: Ավելի ուշ պարզվել է, որ դրանցից մեկը նույնիսկ ներխուժել է P-73 կոչվող ոչ թռիչքային գոտի, որը կենտրոնական Յոնսան շրջանում գտնվող նախագահական գրասենյակի մոտ է:
Աղբյուրի խոսքով՝ իրենց օդատիեզերական պաշտպանության համակարգը ուժեղացնելու համար զինվորականները դիտարկում են Sky Spotter համակարգը շուտափույթ ձեռք բերելու հարցը։
Համակարգը նախատեսված է օդային օբյեկտների, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումների համար օգտագործվող դրոնների, օդապարիկների վաղ հայտնաբերման եւ հետեւելու համար:
Զինվորականները նախատեսում են համակարգի գնման պաշտոնական հայտ ներկայացնելու որոշում կայացնել՝ առաջիկա շաբաթների ընթացքում հյուսիսային անօդաչու թռչող սարքերի սպառնալիքների դեմ դրա արդյունավետությունը ստուգելուց հետո: