Թել Ավիվում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են Նեթանյահուի կառավարության դեմ
Հազարավոր մարդիկ շաբաթ երեկոյան Թել Ավիվում դուրս են եկել ցույցերի՝ ընդդեմ նոր կառավարության այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Յարիվ Լեւինը այս շաբաթվա սկզբին բացահայտել է Իսրայելի դատական համակարգի հիմնանորոգման ծրագրերը, գրում է Times of Israel-ը:
Հաբիմայի հրապարակում անցկացված ցույցին մասնակցել են ավելի քան 10 000 ցուցարարներ, հայտնել են կազմակերպիչները։
Որոշ ցուցարարներ, որոնք կապված են ձախակողմյան «Միասին» խմբի եւ այլ կազմակերպությունների հետ, երթով շարժվել են դեպի Թել Ավիվի արվեստի թանգարան եւ այնտեղ ցույց իրականացրել։ Մյուսները ջահերով երթ են կազմակերպել քաղաքի փողոցներով։
Չորեքշաբթի օրը արդարադատության նախարար Յարիվ Լեւինը հայտարարել էր օրենսդրական բարեփոխումների վիճելի փաթեթի մասին, որը կտրուկ կսահմանափակի Գերագույն դատարանի իրավասությունը՝ արգելափակելու խտրական եւ/կամ ոչ ժողովրդավարական համարվող օրենքներն ու կառավարության որոշումները:
Շաբաթ օրը տարածված համատեղ հայտարարության մեջ «Միասին» եւ «Հանցագործության նախարար» բողոքի խմբերն ասել են, որ «նոր կառավարության ծայրահեղ եւ վտանգավոր տարրերը» փորձում են «վնասել մեզ բոլորիս»՝ մեղադրելով իշխող կոալիցիային արաբների հետապնդման ու սեռի եւ սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության մեջ:
Կոալիցիոն համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին նոր կառավարության երդմնակալությունից առաջ, պահանջում էին օրենսդրություն ընդունել, որը թույլ կտա ծառայություններ մատուցողներին մերժել ծառայությունները՝ հիմնվելով իրենց կրոնական համոզմունքների վրա, նախաձեռնություն, որը քննադատները համարում են ԼԳԲՏ մարդկանց եւ այլ թիրախային խմբերի նկատմամբ խտրականության օրինականացում:
«Այս գիշեր, ընկերներ, մենք նոր ժողովրդավարական ճամբար ենք կառուցել։ Այն ներառում է հրեաներին եւ արաբներին, տղամարդկանց եւ կանանց, դասական կողմնորոշման եւ ԼԳԲՏ համայնքի մարդկանց, աշխարհիկ ու կրոնական մարդկանց եւ միավորված է ընդդեմ մեկ չար կառավարության եւ հանուն ավելի լավ ապագայի»,- շաբաթ օրը հայտարարել են ցուցարարները:
Թել Ավիվում ցուցարարներից ոմանք վանկարկել են. «Սխալը սկսվում է կառավարության սրահներից» եւ «Նեթանյահուն վտանգավոր կոռումպացված մարդ է եւ ռասիստ», հայտնում է Ynet լրատվական կայքը: