Մենք բոլորս մի նավի մեջ ենք. իրավիճակը լուրջ է
Մենք բոլորս մի նավի մեջ ենք. իրավիճակը լուրջ է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր` իր կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ, խոսելով առկա իրավիճակի մասին նախ շնորհակալություն հայտնեց արցախցիներին, որոնց հետ այս տոնական օրերին հանդիպել- զրուցել է փողոցներում եւ որոնք հանգիստ եւ ուժեղ ընդունում են այս իրավիճակից առաջացած դժվարությունները: Նա նշեց, որ հետադարձ կապի միջոցով հասկացել են, որ հարցերի մի շրջանակը կապված է սննդի վերաբաշխումների հետ, որի հետ կապված վաղը` երկուշաբթի օրը, կլինեն մի շարք հայտարարություններ.
«Ես այսօր ավելի շատ ուզում եմ խոսել իմ անձնական մտահոգությունների մասին: Մարդկանց 90 տոկոսը ճիշտ եւ հանգիստ ընդունում է իրավիճակը, բայց կան մի քանի պատմություններ, որոնք ուզում եմ նշել, առանց անուններ տալու եւ բոլորս հասկանում ենք, որ դա այն խնդիրներից է, որոնց դեմ պետք է պայքարել: Ես իրականությունը ընդունող մարդ եմ եւ հասկանում եմ, որ անարդարությունը ամբողջ աշխարհում կա, բայց ես ձեզ խոսք եմ տալիս, որ որպես մարդ ամեն օր պայքարելու եմ դրա դեմ...օրինակի համար մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք այս օրերին գնացել է հանգստանալու օգտագործելով իրենց կապերը եւ դա շատ մեծ արձագանք է ստացել, այստեղ խնդիրը ոչ թե նա է, որ սխալ են արել, այլ, որ սա չպետք է ընդունվի, որ սա է հաջողված ընտանիքի, հաջողված մարդու օրինակը, որ տեսեք նա կարողացավ գնալ, իսկ ուրիշները` ոչ: Դա այդպես չի, ես դա չեմ ընդունում...ես չեմ ընդունում այն մարդուն, որ կարողացել է պյամանավորվելով ռուս խաղաղապահների կամ ինչ որ մարդկանց հետ բերել ուտելիք եւ առանձին վաճառել մարդկանց, դա սխալ է ամեն ձեւով եւ ոչ մի լավ բանի չի բերի: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր այս դժվարությունների ժամանակ փորձում են փող աշխատել եւ տարբեր հարցեր լուծել: Հարցերը պետք է լուծվեն եւ որոշումները կայացվեն մի կենտրոնից: Ես դժվար եմ հասկանում այն մարդկանց, ովքեր տասնյակ լիտրներով ձեթ են առնում ու դնում իրենց տանը, որ իրենց մոտ ամեն ինչ լավ լինի, որովհետեւ մենք բոլորս մի նավի մեջ ենք, եւ եթե ամեն ինչ լրիվ փակվեց, մեր միակ ճանապարհը լինելու է` փորձենք ամեն ինչ կիսել իրար հետ, որովհետեւ մենք բոլորս բլոկադայի մեջ ենք...այո մենք ունենք կյանքի ճանապարհներ, որ թույլ են տալիս մի թեթեւ դեղ բերել, ուտելիք բերել, եւ այդ հնարավորությունները օգտագործել քո շահի համար դա անընդունելի եմ համարում...:
Իրավիճակը լուրջ է, բայց ես անելու եմ ամեն ինչ, որպես մարդ, որպես ղեկավար, որ այդ օրինակները, որոնք բերեցի, դրա դեմ պայքարենք եւ դրանք չընդունենք որպես լավ տղերքի մոդել»: