ՄԱԿ-ը կոչ է անում անաչառ հետաքննել 28 մարդկանց սպանությունը Բուրկինա Ֆասոյում
ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Վոլքեր Տուրկը ջիհադականներից տուժած Բուրկինա Ֆասոյի անցումային իշխանություններին կոչ է արել արագ եւ թափանցիկ հետաքննել 28 մարդկանց սպանությունը, որոնց մարմինները հայտնաբերվել են անցած հանգստյան օրերին, տեղեկացրել է AFP-ն։
Նա ողջունել է իշխանությունների հայտարարությունը երկրի հյուսիս-արեւմուտքում դիակների հայտնաբերումից հետո հետաքննություն անցկացնելու մասին։ «Ես կոչ եմ անում նրանց ապահովել դրա օպերատիվությունը, մանրակրկիտությունը, անաչառությունը եւ թափանցիկությունը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ պաշտոնից կամ կոչումից»,- ասել է նա։
ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը հայտարարել է, որ տեղի աղբյուրները սպանությունների համար մեղադրել են «Հանուն հայրենիքի պաշտպանության կամավորականներ» աշխարհազորին (VDP), որն ստեղծվել է ջիհադականների դեմ բանակի պայքարին աջակցելու համար։
Հայտարարության համաձայն՝ VDP-ի անդամները ներխուժել են քաղաք՝ սպանելով 28 մարդու, «վրեժ լուծելով անցած գիշեր ռազմակայանի վրա ավելի վաղ կատարված հարձակման համար» «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջամաաթ Նասր ալ-Իսլամ ուալ Մուսլիմին» (JNIM) խմբավորման անդամների կողմից։
Բուրկինա Ֆասոն արեւմտաաֆրիկյան երկիր է, որը ծով ելք չունի, աշխարհի ամենաաղքատ եւ անկայուն երկրներից է։ 2015-ից պայքարում է ապստամբների դեմ, որոնց գլխավորում են «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված ջիհադականները, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ եւ մոտ երկու միլիոն մարդ տեղահանվել է։