Պատերազմները, ռոբոտների հեղափոխությունը եւ 3 այլ աղետներ կցնցեն համաշխարհային տնտեսությունը. Նուրիել Ռուբինի
Հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին նախազգուշացրել է երկարատեւ գնաճի մասին։ «Գնաճը կտրուկ բարձրացել է 2022թ. ընթացքում ինչպես զարգացած տնտեսություն ունեցող, այնպես էլ ձեւավորվող շուկաներով երկրներում։ Կառուցվածքային միտումները ենթադրում են, որ խնդիրը լինելու է երկարատեւ, ոչ թե անցողիկ»,- ասել է առաջատար տնտեսագետը Project Syndicate-ի հոդվածում։
Դա տեղի է ունեցել ԱՄՆ տնտեսության համար դժվար տարուց հետո, երբ գները 2022թ. հասան 41-ամյա առավելագույնին եւ դեռեւս տատանվում են ԴՊՀ-ի գնային մակարդակից զգալի բարձր՝ 2 տոկոսով։ Ռուբինիի խոսքով՝ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը հազիվ թե կարողանան իջեցնել գնաճը՝ լուրջ ռեցեսիա չառաջացնելով, ինչը կարող է խնդիրներ ստեղծել համաշխարհային ֆինանսական համակարգի համար՝ հաշվի առնելով այն, որ շատ տնային տնտեսություններ, բանկեր եւ կառավարություններ մեծ պարտքեր ունեն։
Կենտրոնական բանկերը չեն կարող մեղմել պարտքային ճգնաժամը՝ չիջեցնելով տոկոսադրույքները, ինչը կարող է խորացնել գնաճը։ Այս փակուղին կարող է համաշխարհային տնտեսությունում «ստագֆլյացիոն պարտքային ճգնաժամեր» ստեղծել, նախազգուշացրել է Ռուբինին՝ նկատի ունենալով ֆինանսական աղետը, որը բերելու է գործազրկության բարձր մակարդակ, բարձր գնաճ, իսկ ԱՄՆ-ում՝ ֆոնդային շուկայի կործանում։
Ռուբինին, որը կանխատեսել էր 2008թ. ռեցեսիան եւ Ուոլ սթրիթում հայտնի է իր մռայլ կանխատեսումներով, նշել է, որ գնաճային պարտքային ճգնաժամն այս փուլում անխուսափելի է։ Այն նաեւ կարող է տարիներ ձգվել, նախազգուշացրել է նա՝ նշելով համաշխարհային տնտեսության հինգ հիմնական խնդիրները, որոնք կարող են հանգեցնել գների աճի եւ պետական ծախսերի՝ խորացնելով վրա հասնող կործանումը։
Պատերազմներ
Ըստ Ռուբինիի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը խախտել է մատակարարումների շղթան եւ արդեն ցնցել համաշխարհային տնտեսությունը, բայց աշխարհաքաղաքական հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ աշխարհում։ Նա նշել է ԱՄՆ-ի եւ այլ խոշոր տերությունների, ինչպիսին են Մերձավոր Արեւելքի երկրները, Իրանը եւ Չինաստանը, միջեւ լարվածությունը, եւ ավելի վաղ նախազգուշացրել էր, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։
Լարվածությունը ստիպում է շատ տերությունների ավելացնել իրենց ռազմական պաշարները, ներառյալ ՆԱՏՕ-ն, Եվրոպան եւ ԱՄՆ-ը։ Դա բեռ է ազգային բյուջեների համար, որը կարող է խորացնել պարտքի բարձր մակարդակը եւ գնաճը՝ երկարացնելով ֆինանսական ճգնաժամը, որի մասին Ռուբինին նախազգուշացրել էր։
Կլիմայի փոփոխությունը
Համաշխարհային տնտեսությունը նաեւ պատերազմ է վարում կլիմայի փոփոխության դեմ, որի լուծումը կարող է թանկարժեք լինել։
«Կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմումը եւ դրան հարմարվելը կարող են տարեկան տրիլիոնավոր դոլարներ արժենալ տասնամյակներ շարունակ, եւ անհեթեթ կլինի մտածել, որ այդ բոլոր ներդրումները կնպաստեն աճին»,- ասել է Ռուբինին՝ ավելացնելով, որ ժամանակի ընթացքում երկրները, հավանաբար, ավելի աղքատ կդառնան։
«Գոյություն ունեցող հիմնական ֆոնդերի զգալի մասը պետք է փոխարինվի կամ որովհետեւ հնացել է, կամ որովհետեւ վերացել է կլիմայական երեւույթների հետեւանքով»։
Անզուսպ հիվանդությունը
COVID-19-ի, ինչպես եւ համավարակի տարածումը չի ավարտվել։ Ռուբինին կանխատեսել է, որ ապագայում հիվանդությունների բռնկումները դառնալու են անզուսպ, մասամբ՝ կլիմայի փոփոխությունների պատճառով։ Դա կարող է զգալիորեն մեծացնել պետական պարտքը, քանի որ առաջնորդները կփորձեն մեկը մյուսի հետեւից լուծել հանրային առողջապահության խնդիրները, ինչպես նաեւ կբախվեն ծերացող հասարակության սոցիալական ապահովության ծախսերին։
Ռոբոտների հեղափոխությունը
Գլոբալ տնտեսությունը կկործանվի «գլոբոտիկայի» կողմից, ինչպես այն անվանել է Ռուբինին, կամ նորարարություններից, որոնք բխում են գլոբալացումից եւ ավտոմատացումից։ Չնայած ոմանք պնդում են, որ այս գործոնները խթանում են տնտեսական աճը, դրանք լուրջ սպառնալիք են աշխատողների եւ ծառայողների համար, իսկ դա նշանակում է, որ կառավարությունները կարող են ստիպված լինել հսկայական կանխիկ գումարներ դնել, եթե ռոբոտները, արհեստական բանականության տեխնոլոգիաները եւ այլ ձեռքբերումներ մարդկանց զրկեն աշխատանքից։
Ծախսերը կարող են հսկայական լինել, նախազգուշացրել է Ռուբինին։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը, եթե կառավարությունը բազային եկամուտը բաշխի մեկ մարդու հաշվով ամսական 1 000 դոլարի չափով։
Հարստության անհավասարությունը
Ըստ Ռուբինիի՝ բարեկեցության մակարդակի խզումը հուզումներ է առաջացնում երիտասարդության, միջին եւ աշխատավոր դասերի շրջանում։
«Որպեսզի թույլ չտրվի, որ իշխանության գան պոպուլիստական վարչակարչգերը եւ ոչ խելամիտ եւ անկայուն տնտեսական քաղաքականություն չվարեն, լիբերալ դեմոկրատները պետք է մի ամբողջ կարողություն ծախսեն իրենց սոցիալական ցանցերի պաշտպանության համար, ինչպես շատերն արդեն անում են»,- ասել է նա։