Շվեդիան խոստանում է զարգացնել պաշտպանական համագործակցությունը, կիբեռպաշտպանությունը
Շվեդիան կես տարով նախագահելու է Եվրամիությունում, նրա նախագահությունն սկսվել է հունվարի 1-ից եւ ուղղված է լինելու այն բանին, որպեսզի ավելի սեւեռուն ուշադրություն դարձվի անդամ պետությունների համագործակցության խորացմանը պաշտպանական պոտենցիալի եւ համատեղ ռազմական գնումների ոլորտներում։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի կոալիցիոն կառավարությունը սահմանել է «նպատակի միասնությունը» եւ եվրոպական պաշտպանական պատրաստվածության ամրապնդումը՝ որպես հիմնական նպատակ Եվրամիությունում երկրի նախագահության ընթացքում, գրել է Defense News-ը։
Շվեդիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող պատերազմի ֆոնին փորձում է նպաստել Եվրոպայի հավաքական պաշտպանությանը՝ դաշնակիցների զենքի եւ ռազմական տեխնիկայի օգտագործմամբ, որոնք ոչ միայն արտադրվում են ԵՄ-ում, այլեւ ձեռք են բերվում համատեղ գնումների մասին համաձայնագրերի շրջանակում։
Շվեդիայի համար գերակա է ԵՄ-ի հետագա տնտեսական եւ ռազմական աջակցությունն Ուկրաինային։ Շվեդիան կարծում է, որ Ուկրաինայի հաջողությունը Ռուսաստանի դեմ առաջնահերթ նշանակություն ունի անվտանգության եւ պաշտպանության հուսալի եվրոպական քաղաքականության համար։
Շվեդիան օգտագործում է ԵՄ Ռազմավարական կողմնացույցը որպես կողմնորոշիչ, որը նախատեսված է միության առջեւ կանգնած սպառնալիքների ընդհանուր ռազմավարական գնահատականների համար։ Մասնավորապես, Ստոկհոլմը ձգտում է խորացնել ԵՄ պաշտպանական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ կապիտալ ներդրումների երկարաժամկետ ծրագիր մշակել եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու համար։
Կիբեռանվտանգության ոլորտում նույնպես ձեռքբերումներ են եղել։ Սա Շվեդիայի կարեւորագույն խնդիրներից է։ Այս նպատակն աջակցություն է ստացել հունվարի 3-ին, երբ Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհրդարանին էր ներկայացրել հեռուն գնացող Համատեղ տեղեկություն (JC) կիբեռպաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության վերաբերյալ։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնի խոսքով՝ այս առաջարկը կարող է օգնել ամրապնդելու միության կիբեռպաշտպանության պոտենցիալը։
«Նպատակն այն է, որպեսզի ամրապնդվի ԵՄ կիբեռպաշտպանության հնարավորությունը, ինչպես նաեւ առանձին պետությունների տրամադրվեն գործիքներ համատեղ կիբեռգործողություններ իրականացնելու համար։ Դա նաեւ կբարելավի միջպետական կոորդինացումը, տեղեկատվության փոխանակումը եւ համատեղելիությունը կիբեռանվտանգության եւ կիբեռպաշտպանության միջեւ, այդ թվում քաղաքացիական եւ զինվորական կիբեռհանրույթների միջեւ»,- ասել է Ջոնսոնը։