Գերմանիայում հաճախակիացել են Ուկրաինա ժամանակակից տանկեր ուղարկելու իշխանությանն ուղղված կոչերը
Ֆրանսիայի վերջին որոշումն (թեթեւ մարտական AMX-10 RC զրահապատ մեքենաներ ուղարկել Ուկրաինա) ավելի ժամանակակից մարտական մեքենաներ ուղարկելու Բեռլինին ուղղված նոր կոչեր է առաջացրել Գերմանիայում, հաղորդում է Reuters-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել տանկեր եւ ծանր սպառազինություն տրամադրել իր բանակին՝ ռուսական զորքերի դեմ պայքարելու համար։
Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային AMX-10 RC մեքենաների համար՝ նշելով, որ մյուս դաշնակիցները պետք է դա ընդունեն որպես ազդանշան, եւ որ «չկա ռացիոնալ պատճառ, թե ինչու Ուկրաինան դեռ չի ստացել արեւմտյան տանկեր»։
Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար եւ Շոլցի գործընկեր Ազատ դեմոկրատների անդամ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը Բեռլինին կոչ է արել Marder հետեւակային մարտական մեքենաներ ուղարկել եւ սովորեցնել ուկրաինացիներին օգտագործել դրանք։
«Կանաչների» կուսակցությունից անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդարանի ներկայացուցիչ Սառա Նաննին հայտարարել է, որ Գերմանիան պետք է ուղարկի Marder եւ Leopard տանկեր։
Շոլցը մեծացրել է պաշտպանական ծախսերը եւ օգնություն եւ զենք ուղարկել Ուկրաինա, բայց, ինչպես արեւմտյան մյուս տերությունները, երբեմն երկմտում էր հզոր զենք ուղարկելուց առաջ՝ վախենալով Մոսկվայի հետ անմիջական հակամարտության ռիսկից։ Նա նաեւ հասկացրել է, որ չի ցանկանում ծանր սպառազինություն ուղարկել Ուկրաինա, եւ որ կհամակարգի մատակարարումները ՆԱՏՕ-ի դաշինքի մյուս անդամների հետ։ Օսլո կատարած այցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքն ասել է, որ Ֆրանսիայի որոշումը եւ ԱՄՆ-ի հնարավոր նմանատիպ քայլը կխրախուսի Գերմանիային արագացնել սեփական քննարկումները: