Քանի որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդյունավետ արբիտր չկա․ CNN
2020 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հետեւանքով Ռուսաստանը հրադադարի սահմանման եւ կողմերին զպսելու հարցում միջնորդ հանդիսացավ։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, որոնք ավելի վաղ բանալսավորող դեր ունեին Հարավային Կովկասում, փաստացի հետ մնացին ակտիվ դիվանագիտությունից եւ Ռուսաստանին թույլ տվեցին հանդես գալ որպես միակ միջնորդ։
Մոսկվան տեղում խաղաղապահների տեղակայեց՝ իրավիճակի հանդարտեցման եւ մոնիթորինգի համար, գրում է CNN-ի հայ լրագրող Լառա Սեդրակյանը։
«Բայց Ռուսաստանի խաղաղապահությունը վերանշանակելը վատ գաղափար էր։ Այժմ` Ուկրաինայի պատերազմի ստվերում, այս քաղաքականությունը նպաստում է եւս մեկ հումանիտար աղետի առաջացմանը եւ վտանգում է Արեւմուտքի շահերը տարածաշրջանում։ Քանի որ Ռուսաստանը թուլացել Է Ուկրաինայում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդյունավետ արբիտր չկա։ Ադրբեջանը՝ օգտագործելով իր զգալի նավթային եւ գազային հարստությունները, առավելագույն առավելության է հասնում տեղում։ Ներկայումս ցուցարարներն Ադրբեջանի կառավարության աջակցությամբ արգելափակում են Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր ճանապարհն է: Ադրբեջանցի քաղաքագետներն ասում են, որ բողոքի ցույցերն Ադրբեջանում անօրինական են, եթե դրանք հավանության չեն արժանացել կառավարության կողմից: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ սկսվեց շրջափակումը, մատակարարումները խիստ սահմանափակ էին։ Մթերային խանութներում գրեթե չկան թարմ մրգեր եւ բանջարեղեն, եւ դեղերի սուր պակաս է զգացվում, բնակիչներն այդ մասին հայտնել են դեկտեմբերի վերջին։ Ադրբեջանը հայտարարել է, որ շրջափակումը պատասխան է Հայաստանի կողմից վերահսկվող շրջաններում հանքարդյունաբերական գործունեությանը։ Բայց միջազգային միջնորդությանը դիմելու փոխարեն նա որոշեց արգելափակել տարանցումը, քանի դեռ իր պայմանները չեն բավարարվել, ինչը միջազգային եւ մարդասիրական իրավունքի խախտում է։ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնց հետ ես հանդիպել եմ, ջերմ մարդիկ են՝ խորը մշակութային ինքնությամբ եւ խորը քրիստոնեական հավատով։ Նույնիսկ ճգնաժամի մռայլ օրերին նրանցից ոմանք փորձում էին իրենց ընտանիքներին Սուրբ Ծննդյան տոնի նմանություն տոն նվիրել։ Բժիշկ Բիայնա Սուխուդյանը, որը մնացել է Լեռնային Ղարաբաղում, դեկտեմբերի վերջին մեզ պատմեց, որ երեխաների մոտ նկատվում են քրոնիկ սթրեսի նշաններ, այդ թվում՝ նյարդային խանգարումներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է, որ երեխաները չունեն հիմնական սնունդ եւ առաջին անհրաժեշտության ծառայություններ։ Նրանցից մի քանիսը բաժանված են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից, որոնք գտնվում են արգելափակված ճանապարհի մյուս կողմում: «Մարդկանց գլխավոր մտահոգությունը երեխաներին տաքացնելն ու կերակրելն է»,-պատմել է Սուխուդյանը հեռախոսային հարցազրույցում։ Նա նաեւ պատմեց, թե ինչպես են մարդիկ գոյատեւում՝ օգնելով միմյանց․ «Եթե կա երկու մայր, եւ միայն մեկն ունի մանկական կեր, նա դա կկիսի մեկ այլ կնոջ հետ կամ մի քիչ էլ կկերակրի կրծքով»։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ մեկ տասնյակից ավելի երկրներ, ներառյալ՝ Կանադան եւ Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել ապաշրջափակել դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, սակայն այդ կոչերն անուշադրության են մատնվել։ Հայերը դա դիտարկում են որպես Ադրբեջանի ռազմավարություն, որն ուղղված է նրանց սովամահ անելուն կամ վիճելի անկլավից դուրս մղելուն։ Ռուսաստանը չկարողացավ որեւէ նշանակալի քայլ անել այս խնդիրը լուծելու համար։ Բայց նա նաեւ չի ցանկանում թույլ տալ, որ արեւմտյան երկրները միջամտեն այս խնդրի լուծմանը։ Նա նախընտրում է տեղում լինել գլխավոր ուժը եւ ստացված լծակն օգտագործել իր տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար։ Տնտեսական եւ ռազմավարական գործոնների մի ամբողջ ցանց Մոսկվան կապեց Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի հետ։ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների եւ բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ լարված հարաբերությունների պայմաններում Մոսկվան ավելի ու ավելի է կախված Թուրքիայից առեւտրի եւ պատժամիջոցների շրջանցման հարցերում։ Թուրքիան դարձել է ռուսական նավթի եւ գազի արտահանման եւ ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը, որոնցից շատերն արգելված են Արեւմուտքում։
Ռուս-թուրքական կապերի մերձեցման հետ մեկտեղ Ռուսաստանն ավելի դժկամությամբ է արձագանքում Ադրբեջանի պահվածքին։ Արդյունքում իրավիճակը հայտնվել է ազատ անկման մեջ եւ շարժվում է դեպի ավելի լուրջ եւ պոտենցիալ մահացու հետեւանքներ։ Ինչպես եղավ Սրեբրենիցայի կոտորածի առաջին օրերին, միջազգային խաղաղապահները չեն հասցնում միջոցներ ձեռնարկել մինչեւ հազարավոր մարդկանց մահը։ Այն նաեւ վտանգավոր նախադեպ է ստեղծում ապագա հակամարտությունների համար, երբ մի կողմը ճնշում է մրցակից համայնքին՝ հատելով նրա մատակարարումը, ստիպելով կամ տարհանվելով։ Ամերիկյան Ձեռներեցության ինստիտուտից Մայքլ Ռուբինը, որն ուշադիր հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինձ ասաց, որ անհանգստացած է էթնիկ զտումների ռիսկով, եթե իրավիճակը մնա առանց համաշխարհային տերությունների վերահսկողության եւ ուշադրության: «Թիվ մեկ հարցն է, թե ինչպես մենք կապահովենք դիվանագիտական կամ ռազմական դիտորդների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Ցեղասպանությունը տեղի է ունենում մթության մեջ: Եթե մենք կարողանանք լույս սփռել այս տարածաշրջանի վրա, ապա հաճախ մենք կարող ենք կանխել ավելի վատ հետեւանքներ»,-ասել է Ռուբինը։
Ամերիկան ունի նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ազդելու ուղղակի լծակներ, որոնք կարող են կայունացնել իրավիճակը՝ օգտագործելով դիվանագիտական եւ տնտեսական գործիքների մի ամբողջ զինանոց։ «Երբ Թրամփի վարչակազմը Թուրքիային ընդամենը մի քանի պողպատե պատժամիջոցներ սահմանեց քահանա Էնդրյու Բրենսոնին ազատ արձակելու համար, դա հսկայական ճնշում ստեղծեց Էրդողանի վրա։ Ինչո՞ւ մենք պետք է առարկենք դրան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,-ասել է Ռուբինը։
Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում էին գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարեւանների հաշվին։ Բայց այս մոդելն ապացուցեց, որ պիտանի չէ մարդկային կյանքը եւ կանոնների վրա հիմնված խաղաղ կարգը պաշտպանելու համար: Այն ժամանակ, երբ Արեւմուտքը մրցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես պայքար հանուն ժողովրդավարության՝ ընդդեմ ավտոկրատիայի, դա կենսական կարեւորություն ունեցող ասպարեզ է՝ ապացուցելու, որ Արեւմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում։ Որքան երկար Ռուսաստանը եւ Թուրքիան գերիշխեն իրավիճակում, այնքան ավելի դժվար կլինի արեւմտյան տերությունների համար իրավիճակը վերադարձնել հավասարակշռության։ Այլ կերպ ասած, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի թանկ կնստի։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն անխոհեմ կերպով Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու իրավունքը։ Այժմ արեւմտյան տերությունները պետք է միջամտեն դիվանագիտական ողջ կշռով, որպեսզի ուղղեն այդ սխալը»,-գրում է հոդվածագիրը։