Արագածոտնում Opel-ը շրջվել է և մոտ 100մ առաջ ընթացել. ամուսիններն ու 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Արագածոտնի մարզում, այսօր` հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, նոր կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհի բետոնապատ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մետր կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով վիրավորները վարորդի կինն է և նրանց երեք անչափահաս երեխաները, որոնց կյանքին, շնորհիվ Թալինի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում։